Պատկերը՝ Ecoville SPP in Vanadzor
Հայաստանում էներգետիկ անկախության և կայուն զարգացման օրակարգում վերականգնվող էներգետիկան շարունակում է զբաղեցնել առանցքային տեղ։ Մասնավորապես, արևային էներգետիկայի ոլորտում վերջին տարիներին նկատվող ակտիվությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև ռազմավարական մտածողության արդյունք է։ Ոլորտի առաջատար ընկերությունները միավորում են ուժերը՝ ստորագրելով հուշագիր, որով կողմերը հայտարարում են համագործակցելու իրենց մտադրությունը։
«Շտիգեն», «Սանիսիթի», «Էկովիլ» ընկերությունները նախաձեռնել են համագործակցության նոր ձևաչափ՝ ստեղծելով էներգետիկ անցման միություն։ Այս հարթակը նպատակ ունի համախմբել մասնավոր հատվածի, պետության և միջազգային գործընկերների ջանքերը՝ արագացնելու վերականգնվող էներգիային անցումը Հայաստանում։
Այսօր արդեն երկրում տեղադրված արևային հզորությունները զգալի աճ են արձանագրել՝ գերազանցելով անգամ ատոմակայանի հզորությունը։ 2025թ. Հայաստանի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 16.3%-ը ստացվել է արևակայաններից։ Ընդսմին, մասնագետների համոզմամբ, առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է շարունակել համակարգված զարգացումը։
Վերջերս «Էկովիլ» ընկերությունը ներկայացրել է նաև նոր արտադրանք՝ Հայաստանում արտադրվող էներգիայի կուտակիչներ, որոնք նախատեսված են թե՛ կենցաղային, թե՛ արդյունաբերական կիրառությունների համար։ Նպատակը ոչ միայն ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է, այլև հայկական բրենդով միջազգային շուկա դուրս գալը։
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ձևավորվող նոր համագործակցությունը կարող է դառնալ այն կարևոր խթանը, որը կօգնի Հայաստանին արագացնել էներգետիկ անցումը՝ ապահովելով ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսական ու ռազմավարական առաջընթաց։
Աղբյուրը՝ News.am
Պատկերը՝ Ecoville SPP in Vanadzor