Ծաղկաձորի համալիրը

2024 թվականի սեպտեմբերին Ծաղկաձորի էկո համալիրը պաշտոնապես բացեց իր դռները՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կրթական միջավայր։ Այն ունի 22 հարմարավետ հյուրասենյակներ, անհատական դասասենյակներ, լիովին կահավորված կոնֆերանսների և սեմինարների դահլիճ և ռեստորան։
Համալիրը տեղակայված է երեք հեկտար գեղատեսիլ, կանաչ տարածքում, ունի սեփական արևային էլեկտրակայան և օգտագործում է ժամանակակից կեղտաջրերի մաքրման աէրացիոն համակարգ: Վերջինս կենսաբանական գործընթացների միջոցով վերամշակում է կենցաղային կեղտաջրերը՝ արտադրելով մաքրված, անհոտ ոռոգման ջուր և նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:
Ծաղկաձորը Հայաստանի առաջատար հանգստավայրերից է: Միջնադարում հայտնի էր որպես Ծաղկունյաց ձոր, որը որպես հանգստավայր ու որսատեղի էր ծառայում Արշակունի թագավորների համար։ Քաղաքը գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս՝ ալպյան մարգագետիններում, Թեղենիս լեռան հարավարևելյան լանջին, ծովի մակարդակից 1841մ բարձրության վրա:
Իր կառուցապատ փողոցներով, գեղեցիկ հրապարակներով, նրբագեղ գիշերային լուսավորությամբ ու բազմաթիվ հյուրանոցներով Ծաղկաձորը գրավիչ է տարվա բոլոր եղանակներին: Բնական գեղեցկության, պատմական հարուստ ժառանգության և ժամանակակից հարմարությունների համադրությունը այն դարձնում է կատարյալ վայր ինտերակտիվ ուսուցման և համայնքային զարգացման համար: