Պատկերը՝ Tert.am/ECTI
Հոկտեմբերի 19-30-ին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)՝ նշանակալի իրադարձություն, որը կմիավորի համաշխարհային առաջնորդների, փորձագետների և շահագրգիռ կազմակերպությունների կենսաբանական բազմազանության գաղափարների առաջխաղացման նպատակով։
«Գործում ենք հանուն բնության» կարգախոսի ներքո COP17-ը նպատակ ունի Հայաստանը դարձնել կենսաբանական բազմազանության պահպանման միջազգային ջանքերի կենտրոն՝ միաժամանակ խթանելով շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերը։
Միջոցառման նախապատրաստման շրջանակում Ռիմա Խաչատրյանի անվան մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտը (ECTI) նախաձեռնել է կրթական դասընթացների շարք՝ ուղղված հայ երիտասարդության, հատկապես գյուղական բնակավայրերի երիտասարդների, բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը։
Ուսանողների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ստարտափների հիմնադիրների համար նախատեսված դասընթացները կազմված են Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Bartlett School of Environment, Energy and Resources դպրոցի մեթոդաբանության (know-how) հիման վրա և դասավանդվում են UCL-ում վերապատրաստված դասախոսների կողմից։
Թրեյնինգների շարքը կեզրափակվի եզրափակիչ սեմինարով, որը կանցկացվի COP17-ի նախաշեմին։ Սեմինարի ընթացքում UCL-ի ներկայացուցիչները հանդես կգան որպես հիմնական բանախոսներ՝ մասնակիցներին ընձեռելով միջազգային կենսաբազմազանության փորձագետների հետ անմիջական շփման և ձեռք բերված գիտելիքները գործողությունների վերածելու բացառիկ հնարավորություն։
COP17-ը Հայաստանում շրջադարձային հանգրվան է ոչ միայն կենսաբանական բազմազանության վերաբերյալ գլոբալ քննարկումների, այլև մեր երկրի համար կայուն զարգացման ոլորտում ապագա առաջնորդների ակտիվ մասնակցության տեսանկյունից։
Աղբյուրը՝ Tert.am
Պատկերը՝ Tert.am/ECTI