Պատկերը՝ The National Institute of Advanced Industrial Science and Technology
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արևելյան Անտարկտիդայի սառցե շերտը մոտ 9000 տարի առաջ զգալի կրճատվել է՝ սառույցի հալման և օվկիանոսային հոսանքների միջև հզոր փոխազդեցության պատճառով: Բևեռային հետազոտությունների ազգային ինստիտուտի և Առաջադեմ ուսումնասիրությունների համալսարանի պրոֆեսոր Յուսուկե Սուգանումայի գլխավորած թիմը պարզել է, որ Արևելյան Անտարկտիդայի ափամերձ գոտի մտնող տաք խորջրյա հոսանքը հանգեցրել է սառցե «դարակների» փլուզմանը, ինչը, իր հերթին, արագացրել է ներքին սառույցի շարժը դեպի օվկիանոս:
Ուսումնասիրության արդյունքները ենթադրում են, որ սառցե շերտի կրճատումը չի սահմանափակվում մեկ տարածաշրջանով. հալման գործընթացները կարող են տարածվել օվկիանոսային կապերի միջոցով՝ ուժեղացնելով սառույցի կորուստը մայրցամաքային մակարդակում: Այս մեխանիզմը, որտեղ մեկ տարածաշրջանից հալվող ջուրը արագացնում է հալումը մյուսում, կոչվում է «կասկադային դրական հետադարձ կապ»: Այս շղթայական ռեակցիան կարևոր է Անտարկտիդայի սառույցի կայունությունը կանխատեսելու համար։
Հալման նախկին օրինաչափությունը վերականգնելու համար գիտնականները վերլուծել են Սյովա կայանի մոտ գտնվող Լյուցով-Հոլմ ծոցի ծովային նստվածքները և երկրաբանական ու գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ են անցկացրել Քուին Մոդ երկրում: 1980-ից 2023 թվականներին ճապոնական անտարկտիկական արշավախմբերի կողմից հավաքված տվյալները ցույց են տվել, որ մոտավորապես 9000 տարի առաջ ծոց է մտել շրջանաձև հոսանքի տաք ջուրը՝ առաջացնելով սառցե «դարակների» փլուզում: Կառուցվածքային հենարանի կորուստը թույլ է տվել սառցե շերտի ներքին մասից սառույցին ավելի արագ շարժվել դեպի ծով:
Մոդելավորումը ցույց է տվել, որ Անտարկտիդայի այլ շրջաններից հալվող ջուրը մեծացրել է օվկիանոսի շերտավորումը՝ կանխելով սառը մակերեսի խառնումը օվկիանոսի ջրերին: Սա նպաստել է տաք ջրի հետագա հոսքին դեպի Արևելյան Անտարկտիդա՝ ստեղծելով արագացված հալման ինքնապահպանվող ցիկլ:
Ժամանակակից դիտարկումները ցույց են տալիս նմանատիպ գործընթացներ Արևմտյան Անտարկտիդայում, օրինակ՝ Թվեյթսի և Փայն Այլենդի սառցադաշտերում, որոնք մեծացնում են համաշխարհային ծովի մակարդակի արագացված բարձրացման ռիսկը: Ուսումնասիրությունը ընդգծում է, որ նույնիսկ տեղական փոփոխությունները կարող են ունենալ գլոբալ հետևանքներ:
Աղբյուրը՝ Nature Geoscience
Պատկերը՝ The National Institute of Advanced Industrial Science and Technology