Ինչպե՞ս պլաստիկի թափոնները արևի լույսի օգնությամբ վերածել էկոլոգիապես մաքուր վառելիքի

Պատկերը՝ FCW

Պատկերը՝ FCW

Ամեն տարի աշխարհում արտադրվում է ավելի քան 460 միլիոն տոննա պլաստիկ, միլիոնավոր տոննաներ հայտնվում են շրջակա միջավայրում։

Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի ասպիրանտ Սյաո Լուի ղեկավարությամբ հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ածխածնով և ջրածնով հարուստ պլաստիկը կարելի է օգտագործել ոչ թե որպես թափոն, այլ որպես անսպառ ռեսուրս։

Արևային էներգիայի կիրառմամբ ֆոտոռեֆորմինգ կոչվող գործընթացում պլաստիկը համեմատաբար ցածր ջերմաստիճաններում քայքայելու համար օգտագործվում են լուսաակտիվ նյութեր, որոնք կոչվում են ֆոտոկատալիզատորներ։ Այս ռեակցիաների արդյունքում կարելի է ստանալ ջրածին՝ օգտագործման վայրում զրոյական արտանետումներով էկոլոգիապես մաքուր վառելիք, ինչպես նաև արդյունաբերության մեջ կիրառվող այլ արժեքավոր քիմիական նյութեր։

Ի տարբերություն ջրածին ստանալու համար ջրի ճեղքման ավանդական մեթոդի՝ պլաստիկի կիրառմամբ ֆոտոռեֆորմինգն ավելի էներգախնայող է, քանի որ պլաստիկն ավելի հեշտ է օքսիդացվում, և այդ գործընթացն ավելի հարմար է մասշտաբային կիրառման համար։

Հետազոտողները հասել են ջրածնի, քացախաթթվի և նույնիսկ դիզելային վառելիքին համապատասխան ածխաջրածինների արտադրության բարձր ցուցանիշների։ Որոշ դեպքերում փոխակերպման համակարգերն անընդհատ աշխատել են ավելի քան 100 ժամ, ինչը վկայում է դրանց կայունության և արդյունավետության մասին։

Սակայն այս հետազոտությունում նշվել են նաև խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ մինչ տեխնոլոգիան լայն տարածում ստանալը։ «Հիմնական խոչընդոտներից մեկը հենց պլաստիկի թափոնների վերամշակման բարդությունն է, - նշել է պրոֆեսոր Դուանը, - պլաստիկի տարբեր տեսակներ վերամշակման ընթացքում տարբեր կերպ են դրսևորվում, իսկ ներկանյութերի և կայունացուցիչների նման հավելումները կարող են ազդել գործընթացի ընթացքի վրա։ Ուստի առավելագույն արդյունավետության և արտադրանքի բարձր որակի հասնելու համար անհրաժեշտ են արդյունավետ տեսակավորում և նախնական մշակում»։

Աղբյուրը՝ Adelaide University News

Պատկերը՝ FCW