Պատկերը՝ News.am/Yerevan Dialogue 2026
Երևանյան երկխոսություն 2026-ի շրջանակում անցկացված Կրիտիկական մետաղներ, կիսահաղորդիչներ և Հարավային Կովկասը որպես ներդրումային սահման պանելային քննարկման ընթացքում ԱՄՆ-ի Nano Nuclear Energy ընկերության Global Government Affairs-ի գործադիր տնօրեն և ռազմավարական խորհրդատվական խորհրդի նախագահ Ջոն Վոնգլիսը ներկայացրեց Հայաստանի համար հնարավոր էներգետիկ զարգացման մոդելը և այն պատճառները, թե ինչու կարող են միկրոռեակտորները դառնալ այդ համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը։ Նրա խոսքով՝ չկա էներգիայի մեկ կատարյալ աղբյուր, և իրականում արդյունավետ մոդելը բազմաբաղադրիչ էներգետիկ խառնուրդն է, որտեղ համատեղ օգտագործվում են միջուկային էներգիան, բնական գազը, վերականգնվող աղբյուրները և հիդրոէներգիան՝ կախված հասանելի ռեսուրսներից և զարգացման կարիքներից։
Վոնգլիսը ընդգծեց, որ էներգետիկ համակարգի վերափոխումը չի կարող տեղի ունենալ կտրուկ կամ արագ կերպով, այլ պահանջում է աստիճանական և համակարգված գործընթաց, որի մեջ առանցքային դեր ունեն էլեկտրացանցերի արդիականացումն ու ենթակառուցվածքների ընդլայնումը։ Նրա խոսքով՝ ապագայում էներգիայի պահանջարկը միայն աճելու է՝ պայմանավորված արհեստական բանականության ենթակառուցվածքների, ինչպես նաև վերամշակման և բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացմամբ, որոնք բոլորը չափազանց էներգատար են։
Նա նաև նշեց, որ հիմնական մարտահրավերը ոչ միայն արտադրական հզորություններն են, այլև էլեկտրացանցերի վիճակը։ Նույնիսկ զարգացած երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, բախվում են ցանցային սահմանափակումների, իսկ Հայաստանի նման երկրների դեպքում խնդիրը ավելի բարդ է, քանի որ անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել էներգետիկ կարողությունները և ապահովել նոր արդյունաբերական ուղղությունների կայացումը։ Այս համատեքստում առաջանում է առանցքային հարց՝ ինչպես ապահովել կայուն էներգամատակարարում այն վայրերում, որտեղ էլեկտրացանցը թույլ է կամ ընդհանրապես բացակայում է։
Վոնգլիսի գնահատմամբ՝ այս խնդրի հնարավոր լուծումներից մեկը կարող են լինել միկրոռեակտորները՝ նոր սերնդի փոքր միջուկային կայանքներ, որոնք տարբերվում են ինչպես խոշոր ատոմակայաններից, այնպես էլ փոքր մոդուլային ռեակտորներից։ Դրանց հիմնական առավելություններից են ինքնավարությունը, քանի որ դրանք կարող են գործել առանց կենտրոնական ցանցին պարտադիր միացման, մասշտաբավորվող լինելը, որը թույլ է տալիս հզորությունը ավելացնել ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բարձր հուսալիությունն ու անվտանգության մակարդակը։ Բացի այդ, դրանք կարող են տեղակայվել հեռավոր կամ դժվար հասանելի տարածքներում։
Միկրոռեակտորները փոքր, գործարանային պայմաններում պատրաստվող միջուկային տրոհման համակարգեր են, որոնք արտադրում են 1-ից մինչև 20 ՄՎտ էներգիա։ Դրանց չափսերը հնարավորություն են տալիս տեղափոխել դրանք բեռնատարով, երկաթուղով կամ որոշ դեպքերում նույնիսկ օդային ճանապարհով, ինչը դրանք հարմար է դարձնում հեռավոր համայնքների կամ արդյունաբերական օբյեկտների էներգամատակարարման համար։ Շատ նախագծերում նախատեսվում է երկար վառելիքային ցիկլ, որը թույլ է տալիս աշխատել տարիներով, երբեմն՝ ավելի քան մեկ տասնամյակ, առանց վերալիցքավորման։ Դրանք նաև օգտագործում են պասիվ անվտանգության համակարգեր, որոնք չեն պահանջում մարդու ակտիվ միջամտություն, ինչպես նաև ջերմափոխանակման առաջադեմ լուծումներ, օրինակ՝ ջերմախողովակներ։
Վոնգլիսը միկրոռեակտորների գաղափարը համեմատեց Լեգոյի հետ՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պարզապես կարելի է ավելացնել նոր «բլոկներ»՝ էներգիայի պահանջարկը բավարարելու համար։ Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիաները կարող են նաև փոխարինել դիզելային գեներատորներին, որոնք հաճախ ավելի թանկ են և էկոլոգիապես վնասակար, հատկապես՝ հեռավոր շրջաններում։
Միաժամանակ նա ընդգծեց, որ միջուկային էներգիան ընդհանուր առմամբ դեռևս թերագնահատված է, չնայած այն համարվում է էներգիայի ամենակայուն և ամենամաքուր բազային աղբյուրներից մեկը։ Վոնգլիսի գնահատմամբ՝ ռազմավարական կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանը կարող է հասնել այն մակարդակին, որ դառնա Արևմուտքի առաջադեմ միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների, վառելիքի և բաղադրիչների մատակարարման շղթայի մաս։
Աղբյուրը՝ News.am
Պատկերը՝ News.am/Yerevan Dialogue 2026