Պատկերը՝ Matthias Schräder/AP
2025 թվականին Եվրոպայի էներգետիկ հաշվեկշիռը հասել է պատմական շրջադարձային կետի։ Եվրոպական միության (ԵՄ) պատմության մեջ առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվել է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան բոլոր տեսակի հանածո վառելիքով աշխատող կայանների արտադրանքը՝ միասին վերցրած։
Հողմային և արևային էներգիայի բաժինը ԵՄ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում կազմել է ռեկորդային 30%, մինչդեռ հանածո վառելիքներից ստացվել է 29%-ը։ Ամբողջ 2025 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը ԵՄ բոլոր 27 անդամ պետություններում վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, թե ինչպես է տարածաշրջանի էներգետիկ կառուցվածքը աստիճանաբար «թեքվում» հանածո ռեսուրսներից դեպի վերականգնվող աղբյուրներ։
Քամու և արևի առաջատար դիրքն ապահովող հիմնական գործոնը եղել է արևային էներգետիկայի արագ զարգացումը։ 2025 թվականին արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 20,1%-ով, և սա արդեն չորրորդ տարին անընդմեջ, երբ աճը գերազանցում է 20%-ը։ Արևային էներգիան ապահովել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդային 13%-ը։
Աճը համատարած բնույթ է կրել․ ԵՄ բոլոր երկրներում արևային էներգիայի արտադրությունը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը՝ նոր հզորությունների լայնածավալ ներդրման շնորհիվ։ Հունգարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Իսպանիայում և Նիդերլանդներում արևային էներգետիկան ապահովել է էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 20%-ը։
Ընդհանուր առմամբ վերականգնվող էներգիայի աղբյուրները 2025 թվականին ապահովել են ԵՄ-ում էլեկտրաէներգիայի սպառման 48%-ը։ Եղանակային պայմանները նույնպես ազդել են գեներացիայի կառուցվածքի վրա․ հիդրոէլեկտրակայանների արտադրությունը նվազել է 12%-ով, քամու էներգիայի արտադրությունը՝ 2%-ով, մինչդեռ ավելի արևոտ եղանակը նպաստել է արևային էներգիայի զգալի աճին։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ Matthias Schräder/AP