Պատկերը՝ MIT
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները խմելու ջուրը անմիջապես օդից արդյունահանելու միջոց են մշակել՝ ավելի արագ, քան նախկինում արվում էր։ Նույնիսկ ամենաչոր տարածաշրջաններում օդը փոքր քանակությամբ խոնավություն է պարունակում, և ժամանակակից սպունգանման նյութերն ի վիճակի են կլանել այն։
Օդից ջրի ստացման ավանդական համակարգերը սովորաբար ջերմություն են օգտագործում. արևի լույսը տաքացնում է նյութը, խոնավ օդը գոլորշինում է, այնուհետև՝ խտացվում։ Այդ գործընթացը կարող է տևել ժամեր կամ նույնիսկ օրեր։
Մասաչուսեթսի գիտնականների թիմը այլընտրանք է առաջարկել՝ ուլտրաձայնային տատանումներ՝ իրենց ստեղծած բարձր հաճախականության տատանումներ առաջացնող սարքի միջոցով։ Երբ դրա վրա տեղադրվում է խոնավություն կլանող նյութ, ուլտրաձայնը խզում է ջրի մոլեկուլների և նյութի միջև թույլ կապերը՝ ընդամենը մի քանի րոպեում ջուրն արտանետելով։ Սարքի աշխատանքի համար էներգիայի աղբյուր է պահանջվում, օրինակ՝ փոքր արևային վահանակ, որը կարող է ավտոմատ կերպով գործարկել տատանումներ, երբ նյութը հագեցած է խոնավությամբ։
Հետազոտողներն այս միտքը հղացան բժշկական դյուրակիր սարքերի համար ուլտրաձայնի հետ աշխատելիս: Ճշգրիտ կարգավորման միջոցով ուլտրաձայնը ջրի մոլեկուլներին ստիպում է «պարել» և առանձնանալ նյութից՝ առաջացնելով կաթիլներ, որոնք հավաքվում են ջրամբարներում տեղակայված փոքր ծայրափողակների միջոցով։
Թեստերը ցույց տվեցին, որ նույն նյութից ջուրն արդյունահանելու համար ուլտրաձայնային մեթոդը 45 անգամ ավելի արդյունավետ է, քան արևային ջեռուցումը։
Այս մոտեցումը կարող է հիմք ծառայել քաղցրահամ ջուր կամ ծովային ջրի աղազրկման հնարավորություն չունեցող տարածքներում օդից ջուր ստանալու համար: Գիտնականները նախխատեսում են տան համար հավաք համակարգ ստեղծել. պատուհանի չափի նյութն արագ կլանում է խոնավությունը, ապա արևային վահանակով աշխատող ուլտրաձայնային ակտիվատորն արդյունահանում է ջուրը և պատրաստ է նոր ցիկլի:
Աղբյուրը՝ MIT News
Պատկերը՝ MIT